Հրապարակվել է ԱՃԹՆ-ի 2017թ․ տարեկան հաշվետվությունը

29.06.18
Հրապարակվել է ԱՃԹՆ-ի 2017թ․ տարեկան հաշվետվությունը

2018 թվականի հունիս 29-ին հրապարակվել է Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության 2017 թվականի տարեկան հաշվետվությունը։

2017 թվականի մարտի 9-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կայացած ԱՃԹՆ-ի խորհրդի նիստին հաստատվել է Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը, և Հայաստանի Հանրապետությանը շնորհվել է ԱՃԹՆ-ի թեկնածու երկրի կարգավիճակ:

Համաձայն ԱՃԹՆ-ի ստանդարտի՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը հրապարակեր 2017 թվականի տարեկան գործունեության հաշվետվություն: Վավերացումը կսկսվի թեկնածու դառնալուց հետո երկուսուկես տարվա ընթացքում (այն է՝ մինչև 2019 թվականի սեպտեմբերի 9-ը):

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է: Այդ նպատակին հասնելու համար խթանվում է հանքարդյունահանող ոլորտում (նավթ, գազ և մետաղներ) ներգրավված կազմակերպությունների և պետական գերատեսչություների կողմից թափանցիկությունը և հաշվետվողականությունը` քաղաքացիների համար բացահայտելով կազմակերպությունների՝ պետական և համայնքային բյուջեներին տրված ընդհանուր վճարումները և իրականացնելով կառավարության հայտարարած մուտքերի հետ անկախ համադրություն:

Հայաստանի ԱՃԹՆ հաշվետվությունում ներկայացվել է տարեկան կատարողականի ընդհանուր գնահատականը, ՀՀ ԱՃԹՆ-ի 2017-2018թթ. աշխատանքային ծրագրում սահմանված թիրախների և գործողությունների կատարողականի գնահատումը, ԱՃԹՆ-ի պահանջների կատարողականի գնահատումը, ԱՃԹՆ-ի գործընթացում հայտնաբերված ուժեղ և թույլ կողմերը, իրականացման ընդհանուր ծախսերը, թե արդյո՞ք ԱՃԹՆ-ի սույն հաշվետվությունը քննարկվել է բազմաշահառու խմբից դուրս, հաշվետու ժամանակահատվածում բազմաշահառու խմբում անդամակցության մանրամասները և այլ հարցեր։

Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խումբը (ԲՇԽ), որը կազմված է կառավարության, հանքարդյունահանող կազմակեպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորվել է վերահսկել ԱՃԹՆ-ի իրականացումը:

Բացի շահագրգիռ կողմերի ներգրավումից, 2017 թվականին ԲՇԽ-ի գործունեությունը հիմնականում ուղղված էր ԱՃԹՆ-ի առաջին զեկույցի հրապարակման նախապատրաստական աշխատանքներին: